Հայ սակրավորները հունիսին Սիրիայում 2450 քմ են ականազերծել

Հայ սակրավորները հունիսին Սիրիայում 2450 քմ են ականազերծել

PanARMENIAN.Net - Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող հայ մասնագետների 5-րդ խմբի սակրավորներն ականազերծել են 2450 քմ ականապատ տարածք, հայտնաբերել են երեք ՎՕԳ-17 ական, ինչպես նաև՝ ինքնաշեն պայթյունավտանգ առարկաներ: Այդ մասին ասվում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Այսպիսով՝ առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 185,209 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142,000 քմ տարածք:

Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019-ի փետրվարից մինչ օրս բուժօգնություն է ցուցաբերվել 13,772 հիվանդի:

Մարդասիրական խմբի մշտական տեղակայման ամբողջ տարածքում շարունակվում են ամենօրյա ախտահանման աշխատանքները: Թեև Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներ և դժվարություններ կան, մարդասիրական խումբը շարունակում է իր առաքելությունը։

Հունիսի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար Բրենդա Ֆլորսի և նրա աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են մարդասիրական խմբի և գրասենյակի համագործակցության հնարավոր տարբերակները՝ «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի վերաբերյալ:

Հունիսի 16-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիա: Հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին և հաջողություն մաղթել նրանց։ Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային առաքելությանը վերաբերող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա
Դեպքերը կապակցված են Մարտակերտում հաստատված օջախի հետ