Դիմորդների ծնողները բողոքում են առաջին հայտով ընդունվելու պայմանից. ԿԳՄՍՆ-ից ասում են՝ հավանաբար, չեն վերանայի

Դիմորդների ծնողները բողոքում են առաջին հայտով ընդունվելու պայմանից. ԿԳՄՍՆ-ից ասում են՝ հավանաբար, չեն վերանայի

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, չի վերանայի առաջին հայտով բուհ չընդունվածներին լրացուցիչ տեղեր հատկացնելու՝ դիմորդների ծնողների պահանջը, սակայն հարցը պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, PanARMENIAN.Net ին ասաց ԿԳՄՍՆ հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանը։

Միասնական քննության արդյունքում բարձր միավոր հավաքած, բայց առաջին հայտով չընդունված դիմորդների ծնողները հուլիսի 21-ի առավոտից բողոքի ակցիա են իրականացրել նախ Գնահատման և թեստավորման կենտրոնի մոտ, ապա՝ դեպի Ազգային ժողովի շենք շարժվելով, փոխանցում է Panorama.am-ը։

Բողոքող ծնողներն առաջարկում են ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնել և միայն առաջին կիսամյակից հետո քննություններ անցկացնել ու հասկանալ՝ ովքեր են շարունակում ուսումը։

«Լրացուցիչ տեղ հատկացնելու մասին հարցով պատասխան կտրվի ամենաբարձր մակարդակով, սակայն ավելի հավանական է, որ նման բան չլինի։ Իրականում, բողոքողների թիվը տեսնում եք՝ որքան է։ Եթե չեմ սխալվում, երբ հայտը լրացնում են, այնտեղ պատուհան է բերվում, որտեղ կարգը բացատրում է։ Ընդամենը կարդալ էր պետք, իրենք արագ նշում են, որ «մենք ծանոթացանք»։ Բացի այդ՝ նախարարի լայվերում, Կառավարության նիստին այդ ամենն ասվել է»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից։

Նախարարությունից նշում են, որ բուհերի ընդունելության գործընթացում մասնագիտությունների մրցույթն անցկացվել է դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվել է դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են եղել թափուր տեղեր: Հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Բողոքի ակցիա իրականացնող ծնողները նշում են՝ առաջին հայտով ընդունվելու որոշումը մրցույթից դուրս է թողել բարձր միավորներ հավաքած բազմաթիվ դիմորդների։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ իրենք կրթության ոլորտում քաղաքականություն իրականացնող չեն, ԳԹԿ-ն միայն քննություններն է կազմակերպում, պատասխանատու է դրանց ընթացքի համար։

«Առաջին հայտի գերակայության սկզբունքը Կառավարությունն է որոշել, նպատակն այն էր, որ թե դիմորդը անպայման որոշել է մասնագիտություն ստանալ, նախընտրությունը տրվի առաջին հայտով դիմածներին։ Առաջին անվճարի միավորներին չբավարարելու դեպքում դիմորդն ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության վճարովի տեղի մրցույթին»,- նշեց նա՝ հավելելով որ այդպես ճիշտ է համարվում մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից։

Գրիգորյանը նաև նշեց, որ իրենք պարզաբանումներ են տալիս յուրաքանչյուր բողոքող ծնողի, բոլորին ընդունում են։ Ըստ նրա՝ շատ փոքր տոկոսով, սակայն եղել են նաև վրիպումներ, որոնք ուղղվել են։

Գրիգորյանի խոսքով՝ բարձր միավորներով մրցույթից դուրս մնալը շարունակում է դժգոհության առիթ լինել, սակայն պետք է սպասել նախարարության արձագանքին։

2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դիմորդները միայն մեկ քննություն են հանձնել բուհ ընդունվելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---