Covid-19-ից մահվան ռիսկը 27%-ով բարձր է ավելորդ քաշ ունեցողների մոտ

Covid-19-ից մահվան ռիսկը 27%-ով բարձր է ավելորդ քաշ ունեցողների մոտ

PanARMENIAN.Net - ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Հայաստանի մեծահասակների 51.9%-ն (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում) ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիր ունի:

OpenSAFELY ուսումնասիրությունն անդրադարձել է ավելի քան 12 մլն էլեկտրոնային գրառման. 5683 մահվան ելքով հիվանդներից 29%-ն ունեցել է գերքաշ, իսկ 33%-ը` գիրություն: Հետազոտությունը վկայում է, որ Covid-19-ից մահվան ռիսկը 27%-ով բարձր է ավելորդ քաշ ունեցողների մոտ և կրկնակի բարձր է այն պացիենտների մոտ, ում մարմնի քաշի ինդեքսը 40-ից բարձր է:

Ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը ցածր տարիքային խմբերում համեմատաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, իսկ 40-49 տարիքային խմբից սկսած՝ կանանց շրջանում։ 30-49 տարիքային խմբում կանանց շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման ցուցանիշը կտրուկ աճում է՝ հասնելով 71․9%-ի։

Ճարպակալում ունեցող մարդիկ հաճախ ունեն միանգամից 3-4 հիվանդություն, այդ իսկ պատճառով նրանք ավելի դժվար են դիմադրում ինֆեկցիաներին։

Ինչ վերաբերում է Covid-19–ին, ապա որոշ երկրների գիտնականների տվյալներով՝ բարձր աստիճանի ճարպակալման ժամանակ շնչառության խորության և թոքերի աշխատող ծավալի նվազեցումը ևս նպաստում են թոքաբորբի արագ զարգացմանը։

Covid-19 համավարակի պայմաններում ձեռնարկված սահմանափակումները լուրջ մարտահրավեր են ֆիզիկական ակտիվության և առողջ սնուցման հասանելիության նվազման առումով, որոնք նպաստում են ճարպակալման առաջացմանը, հետևաբար և' շաքարային դիաբետի, և' սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Այս առումով խիստ կարևորվում է այս ընթացքում առողջապահական համակարգերի կողմից ՈՎՀ կանխարգելման և վերահսկման հարցերին պատշաճ ուշադրություն դարձնելը:

Փաստերը վկայում են, որ ոչ վարակիչ հիվանդություն ունեցող մարդիկ առանձնապես խոցելի են Covid-19-ի նկատմամբ:

Մինչ այժմ աշխարհում իրականացված ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ ճարպակալումը SARS-CoV-2 վարակի հետևանքով մահվան ելքերի և հիվանդության ավելի ծանր դեպքերի ռիսկի գործոն է: Մոտ 500,000 պացիենտի հետ կատարված հետազոտության տվյալներով` հոսպիտալացված 340 հիվանդից 44%-ն ունեցել է գերքաշություն, իսկ 34%-ը` գիրություն:

Այսպիսով, ուսումնասիրությունները փաստում են ավելորդ քաշի և հիվանդության ծանրության միջև կապը:

Ավելցուկային քաշի և ճարպակալման նվազեցման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

● պահպանել շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն,

● սահմանափակել ալկոհոլի օգտագործումը,

● հրաժարվել ծխախոտից,

● պահպանել ռացիոնալ և առողջ սնուցման կանոնները՝ սահմանափակել շաքարի, գազավորված ըմպելիքի և աղի օգտագործումը,

● նախապատվությունը տալ բանջարեղենային սննդին, օրական օգտագործել առնվազն 450 գրամ միրգ և բանջարեղեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---