ԿԽՄԿ-ն սպասում է Ադրբեջանի՝ հայ սպայի գերեվարման լուրի հաստատմանը

ԿԽՄԿ-ն սպասում է Ադրբեջանի՝ հայ սպայի գերեվարման լուրի հաստատմանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպայի գերեվարման վերաբերյալ երկրի իշխանության կողմից հաստատում ստանալու դեպքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը կսկսի համապատասխան ընթացակարգով գործողությունները, Pastinfo-ին հայտնել են ԿԽՄԿ-ից։

«Կարմիր խաչն իշխանությունների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ մշտական կապի մեջ է և հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի»,- մասնավորապես հայտնել են ԿՄԽԿ-ից։

Оգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի է ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր դիվերսիայի մասին տեղեկությունը։

Երբ Ադրբեջանի հետ սահմանակից հայկական գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, Ադրբեջանը նրանց սկսում է ներկայացնել որպես սեփական կամքով սահմանը հատած անձանց կամ որպես դիվերսանտների:

Այդպես էր, օրինակ, 2018-ի ամռանը գերեվարված Կարեն Ղազարյանի դեպքում, որը, լինելով Բերդավան գյուղի բնակիչ, Ադրբեջանում ներկայացվեց որպես դիվերսանտ և դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Իսկ 2017-ին գերեվարված գյուղացի Զավեն Կարապետյանը նույնպես ներկայացվում էր որպես դիվերսանտ, նրան Հայաստանը կարողացավ հետ ստանալ 2019-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---