Ալիևի օգնականը Գյանջայում ենթադրաբար թուրք զինվորականի լուսանկար է հրապարակել և ջնջել այն

Ալիևի օգնականը Գյանջայում ենթադրաբար թուրք զինվորականի լուսանկար է հրապարակել և ջնջել այն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Twitter-ում հրապարակել է ադրբեջանական Գյանջա քաղաքում փլատակների մոտ արված լուսանկարներ, որոնցում երևում է թուրքական դրոշի թևկապով և զինվորական համազգեստ հիշեցնող հանդերձանքով տղամարդ։ Ավելի ուշ Հաջիևը ջնջել է լուսանկարը։

Դա ևս մեկ վկայություն է այն բանի, որ թուրքական կողմն անմիջական ներգրավվածություն ունի Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում։

Հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ըստ տեղեկությունների՝ 150 թուրք բարձրաստիճան զինվորական Ադրբեջանում ղեկավարում է ռազմական գործողությունները։

Մարտերի առաջին վայրկյաններից Ադրբեջանն ինտենսիվ հրետակոծում և երբեմն նաև ռմբակոծում է Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում։

Հոկտեմբերի 4-ի առավոտյան Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին։ Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։ Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իր հրամանով ժամանակավորապես դադարեցվել է կրակը Գյանջայի ռազմական օբյեկտների վրա՝ քաղաքացիական անմեղ զոհերից խուսափելու նպատակով։ Իսկ եթե հակառակորդը հետևություններ չանի, հայկական բանակը շարունակելու է համաչափ ու հուժկու հարվածները:

Թուրքիան Ադրբեջանին աջակցում է ոչ միայն հայտարարություններով, այլև զինտեխնիկայով և սպառազինությամբ։ Հայկական կողմի դեմ օգտագործվում են Թուրքիային պատկանող F-16 կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---