ՄԻՊ․ Սբ Ղազանչեցոցի նկուղոմ հարվածի պահին երեխաներ և կանայք կային

ՄԻՊ․ Սբ Ղազանչեցոցի նկուղոմ հարվածի պահին երեխաներ և կանայք կային

PanARMENIAN.Net - Հակառակորդի կողմից հարվածի պահին Շուշիի Սբ Ղազանչեցոցի եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Եկեղեցու մերձակայքում չկան ռազմական օբյեկտներ: Հարվածից վնասվել են նաև բնակելի տներ: Դա հաստատում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ նման գործողությունները պատերազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների մասին են վկայում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ գրել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից։

Հոկտեմբերի 8-ին հրետակոծությունից վնասվել է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։

Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ադրբեջանցիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Շուշիի ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել էր և գործում էր՝ սկսած 1998 թվականից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---