Պողոսյան. Հադրութի հատվածում լայնածավալ մարտերը շարունակվում են

Պողոսյան. Հադրութի հատվածում լայնածավալ մարտերը շարունակվում են

PanARMENIAN.Net - Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը, իսկ օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Այդ մասին հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակը՝ արձագանքելով Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:

«Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,-գրել է նա:

Պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է․ «Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Իլհամ Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:

ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

Հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն 4 քաղաքացիականի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին:

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---