Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա մեկնարկել է

Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա մեկնարկել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա մեկնարկել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մնացականյանը հանդիպելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Մինչդեռ, հոկտեմբերի 12-ին, անտեսելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական զինուժն առաջնագծի տարբեր ուղղություններով կրկին անցել է նախահարձակ գործողությունների: Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:Ադրբեջանը, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք, իսկ Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---