Ստեփանակերտում առաջին դպրոցը վերաբացվել է «Спасибо России» գրությամբ

Ստեփանակերտում առաջին դպրոցը վերաբացվել է «Спасибо России» գրությամբ

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում վերաբացվել է առաջին հանրակրթական դպրոցը, որտեղ դասերը դադարեցվել էին պատերազմի պատճառով։

Ուսումնական պրոցեսը Արցախում տեղի իշխանությունների որոշմամբ դադարեցվել էր սեպտեմբերի 27-ին մեկնարկած մարտական գործողությունների պատճառով։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին։

«Այսօր ուսումնական պրոցեսը վերսկսվել է մեկ դպրոցում, սակայն շուտով կբացվեն նաև մյուսները»,- ասել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Որոշ երեխաներ դպրոց էին եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի լուսանկարներով, գրում է ՏԱՍՍ-ը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ռուս խաղաղապահները՝ նրանք հեռուստացույց են նվիրել դպրոցին։

«Սա առաջին դպրոցն է, բայց մենք մեծ ծրագրեր ունենք։ Մենք նպաստելու ենք, որ քաղաքի բոլոր դպրոցները վերաբացվեն, որպեսզի բոլոր աշակերտները կարողանան դպրոցական նստարանին նստել․․․Մենք երազում ենք և ուզում ենք, որ այս բազմաչարչար հողում այլևս պատերազմ չլինի։ Քանի դեռ խաղաղապահները և Ռուսաստանը ձեզ հետ են, դուք միշտ հաջողություններ կունենաք»,-ասել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության ներկայացուցիչը դպրոցի հանդիսավոր բացման ժամանակ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---