ՀՀ-ում են արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետները

ՀՀ-ում են արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետները

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և քրեագիտական վարչությունում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների գծով միջազգային փորձագետ, կրիմինալիստ ֆրանսահայ Էլիզ Պողոսյանի և արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետ Ժան Լյուկ Մեսաժեի հետ:

Քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման, արգելված զինատեսակների կիրառման, ինչպես նաև նշված դեպքերի առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեծածավալ փորձաքննությունների նշանակման և իրականացման վերաբերյալ հարցեր, տեղեկացնում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկումների առարկա են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող մի շարք արարքների, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ռազմական գործողություններում վարձկաններ օգտագործելու վերաբերյալ դեպքերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---