Արցախի ՄԻՊ տվյալով՝ Ադրբեջանում 4 գերի կին կա, այդ թիվը կարող է աճել

Արցախի ՄԻՊ տվյալով՝ Ադրբեջանում 4 գերի կին կա, այդ թիվը կարող է աճել

PanARMENIAN.Net - Առնվազն չորս կին գերի կա ադրբեջանական կողմում, այդ թիվը հնարավոր է աճի, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա նշել է, որ միջազգային պատկան մարմինները պետք է առավելագույն ուշադրություն դարձնեն բոլորի հանդեպ, հատկապես՝ կանանց իրավունքների պաշտպանությանը։

Բեգլարյանը ողջունելի է համարել գերիների փոխանակման մասով առաջընթաը, սակայն ընդգծել է՝ նախքան փոխանակումը նախ պետք է համոզվել, որ բոլոր գերիներն են պաշտոնապես գտնվել, հետո նոր խոսել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մասին։ Պաշտպանի համոզմամբ՝ Ադրբեջանում ավելի շատ գերի կա, քան այդ երկիրը պաշտոնապես ներկայացնում է։

«Իհարկե դա չի նշանակում, որ պարտադիր պետք է սպասենք բոլոր գերիների ինքնությունը պարզելուն, կամ պաշտոնապես նրանց գտնելուն։ Հնարավոր է նաև երկու փուլով անել գերիների փոխանակումը։ Բայց այն, որ Ադրբեջանում ավելի շատ գերի կա, քան պաշտոնապես ներկայացվում է, սա ինձ համար որևէ առարկությունից դուրս է։ Դրա համար նախքան այս համաձայնության վերջնական կիրառումը, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը երաշխավորի ու համոզվի, որ Ադրբեջանը որևէ, նույնիսկ մեկ հայ գերի՝ ռազմագերի կամ քաղաքացիական անձ, չի թաքցնում՝ նպատակային, կամ ոչ նպատակային»,-ասել է Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ իրենք կասկածներ ունեն, որ գերիների մի մասը դիտավորյալ է թաքցվում՝ պետական մակարդակով, մի մասը չի բացառվում հայկական թևի օղակներում է թաքցվում, այսինքն՝ զորամասերում, կամ ավելի ներքևի օղակներում, և չի բացառվում, որ կան նաև թաքնված ռազմագերիներ, կամ «թաքնված զինծառայողներ, որոնց գտնելու ուղղությամբ ևս պետք է վերջնական և համապարփակ աշխատանք տարվի»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---