Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական նոր խորհուրդ կձևավորվի

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական նոր խորհուրդ կձևավորվի

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։

Ամփոփելով ստացված առաջարկները, Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է խորհրդի կազմի ձևավորման մեկնարկի մասին։

Նշվում է, որ խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։ Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։

Խորհուրդը տարբեր հիմնախնդիրների շուրջ պետք է հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով, ինչպես նաև համագործակցի հասարակական տարբեր կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների:

Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդատվական կառույց է։ Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---