ՀՀ-ն մինչև փետրվար կգնի Covid-19-ի պատվաստանյութի առաջին խումբը․ 4 ուղղությամբ բանակցություններ կան

ՀՀ-ն մինչև փետրվար կգնի Covid-19-ի պատվաստանյութի առաջին խումբը․ 4 ուղղությամբ բանակցություններ կան

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցություններ է անցկացնում մի քանի ուղղություններով: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին, հայտարարել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նա նշել է, որ բանակցություններ են վարում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝ «Սպուտնիկ V»-ն, Pfizer-BioNTech-ը, «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, AstraZeneca-ն:

«Նախատեսում ենք բնակչության 10%-ի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ սկզբում միայն ռիսկի խմբերում պատվաստումներ իրականացնելու համար: Բանակցություններ են անցկացվում պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի շուրջ: Մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսը կլինի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և կսկսվի ռիսկի խմբերի պատվաստման գործընթացը: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք՝ պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,- ասել է Սահակյանը:

Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 162,643-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 150,602 է։ Փաստացի բուժվողների թիվը 8393 է։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2941 դեպք կա, այլ պատճառով՝ 707։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---