Շուշիի քաղաքապետը՝ հայկական հրետանու չաշխատելու, հրամանատարական սխալների ու քաղաքին «Իսկանդերով» խփելու մասին

Շուշիի քաղաքապետը՝ հայկական հրետանու չաշխատելու, հրամանատարական սխալների ու քաղաքին «Իսկանդերով» խփելու մասին

PanARMENIAN.Net - Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը խոսել է 44-օրյա պատերազմից հետո արցախցիներին տրամադրվող աջակցության, Շուշիի պաշտպանության կազմակերպման, քաղաքին «Իսկանդերով» խփելու, հայկական հրետանու չգործելու ու հրամանատարական սխալների մասին։

PanARMENIAN.Net ը հավաքել է նրա ուշագրավ մտքերը։

- Խնդիրներ են առաջանում Կառավարության ներկայացրած ծրագրերի հետ։ 68,000 + 15,000 դրամների աջակցությունից չեն օգտվում 18-56 տարեկան տղամարդիկ, նրանք էլ աշխատանք չունեն։ Մարդիկ բողոքում են, ասում են՝ այդ գումարները չի նստել։ 300,000 դրամի աջակցություն է տրվում, բայց օրենքի մեջ թերի բան կա․ Շուշին ու մնացած համայնքների բնակիչները, որոնց տները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, պետք է օգտվեն այս գումարից, եթե ապրել են այնտեղ վերջին 3 ամսում։ Բայց դա ո՞նց պարզենք։ Ինչպե՞ս են հատուցելու այն մարդկանց, որոնք չեն բնակվել Շուշիում, սակայն այնտեղի իրենց տունն են կորցրել։

- Շուշիի պաշտպանությունը պետք էր Հադրութից կազմակերպել։ Հետնահանջի մասով նշվում էր, որ դա արվում է՝ նրանց (հակառակորդին,- խմբ.) օղակի մեջ գցելու ու վերջները տալու համար, բայց նահանջելով հասան Շուշիի մատույցներ։ Կամ ճիշտ չէր կազմակերպված (պաշտպանությունը,- խմբ.), հրամանատարություն չկար, կամ էլ լսել եմ, որ ինչ-որ ադրբեջանցիներ են եղել հայերի հետ խառնված, որ ասել են «նահանջ»։ Եթե ճիշտ կազմակերպված լիներ, հրամանատարներ լինեին, կարողանային զորքը տեղում պահել, չէին նահանջի։ Կոնկրետ Քարին տակի մասին կարող եմ ասել, որ, երբ թշնամին եկել-հասել է Սղնախի մատույցներ, այդ ժամանակ Քարին տակի հենց դիմաց զորք ենք ունեցել, այդ զորքը չգիտեմ ինչպես ամսի 3-ին դուրս է եկել։

- Նոյեմբերի 5-ին որ լեռնաշղթա եմ բարձրացել, այնտեղ հրետանի չի եղել, մեր հրետանին նորմալ չի աշխատել։ Մինամյոտ կոչվածը չի եղել, մի քանի օր առաջ եղել է։ Ես գնացել եմ, որ դիրքավորվենք, տեսել եմ՝ մինամյոտը չկա։ Եթե լիներ դա, կարող էր աշխատել և ճանապարհի, և Քարին տակի վրա, ու ջախջախել։ Մինչև հիմա դրա պատասխանը չկա։

- Շուշին եղել է բուն հայկական, պատմական քաղաք։ Դրա մասին պիտի բարձրաձայնենք, ամեն մի քարը հայկական է։

- Ես (Արցախի նախագահ) Արայիկ Հարությունյանի մասին մի բան կասեմ․ երևի ինքն էլ է եղել խաբված։ Այն, ինչ պետք է մատուցվեր իրեն, դա էլ էին սուտ ասում, մեր բանակում սուտն էլ շատ էր տարածված։ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերն ինքը Շուշի եկավ, (ՀՀ պաշտպանության նախկին նախարար) Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ վիճակն անտանելի է, ինքը լսեց ու դրանից հետո մի գնդապետի հարցրեց՝ ոնց է վիճակը, ասաց՝ «հոյակապ, լավ է»։ Ես լավ բան չեմ տեսել այդտեղ։ Այն, որ զեկուցվել է, որ վիճակը լավ է, հանցագործություն է։

- Երբ ուսումնասիրում ես «Իսկանդերի» հնարավորությունները, որ մինչև անգամ, կարծեմ, 9 բալանոց երկրաշարժ պիտի առաջանա, եթե կրակում են։ Եթե դա լիներ, Շուշիում շենք պիտի չմնար, հին շենքեր են։ (Քաղաքապետն արձագանքել է «Իսկանդերով» Շուշիին հարվածելու մասին լուրին,- խմբ․):

«Իսկանդերը» մոտ կես տոննա՝ 480 կգ մարտագլխիկով զենք է, այդ քաշով կան նաև սովորական ավիառումբեր։ Այն 9 բալանոց երկրաշարժ առաջացնել չի կարող:

- Զինվորը չի փախել, զինվորը կանգնել ա այդտեղ, բայց զինվորին, դասավորող չի եղել, տիրություն անող, հրաման տվող չի եղել։

- Մեր պարտությունը հայկական կողմի պայմանավորվածությունն էր, իհարկե։ Եթե կազմակերպված չի եղել, եթե դիրքը թողել են էն ժամանակ, որ, ինչպես ասում են՝ Հադրութից թշնամին եկել, հասել է այդտեղ, կարելի էր ամեն տեղ կանգնեցնել։ Ոնց ասել են՝ Հադրութից դուրս է գալիս թշնամին, ռմբակոծում ենք՝ բոլորին վերացնենք, բայց Հադրութից 90-100 կմ քայլելով եկան, հասան Շուշի, դա կազմակերպված չէ՞ր։

- Եղբայրս, որը զոհվել է նոյեմբերի 4-ին, լույս 4-ի գիշերն ասում էր՝ թիրախը տրված է հրետանուն, բայց չեն խփում։ Հրետանին չի աշխատել, չի խփել։

Շուշիի ընկնելու մասին հայտարարվել է պատերազմի վերջին՝ 44-րդ օրը, դրանից ժամեր անց ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարությունն էր՝ պատերազմի դադարեցման մասին։ Պատերազմից հետո չեն դադարում խոսակցությունները, որ քաղաքը հանձնվել է ադրբեջանցիներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---