ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հրատապությունը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Այդ մասին ՄԻՊ-ը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները՝ ներկայացնելով նոր կորոնավիրուսի (Covid-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ՌԴ-ում կազմակերպված համատեղ ընդունելությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված է եղել ՌԴ-ում աշխատող հայերի իրավունքների պաշտպանությանը։ Համատեղ աշխատանքի այդ օրինակը դարձել է միջազգային լավագույն փորձ, որը պետք է նշվի միջազգային հարթակներում:

ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---