Իշխանությունն առաջարկում է արգելել ԶԼՄ-ներին հղում անել անանուն աղբյուրներին

Իշխանությունն առաջարկում է արգելել ԶԼՄ-ներին հղում անել անանուն աղբյուրներին

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել` անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու, լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունը ցույց տալու նպատակով:

Օրենքով առաջարկվում է հստակեցնել մի շարք հասկացություններ, այդ թվում՝ անանուն աղբյուրը. այն բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են։

Նախագծում նշվում է՝ առաջարկվող փոփոխությունները խոսքի ազատության սահմանափակում դիտարկվել չեն կարող, դրանք «պաշտպանում են լրատվամիջոցին և խոսքի ազատությունը»։

Ըստ հեղինակների՝ առաջարկվող փոփոխություններից հետո լրատվամիջոցները գործնականում կարող են օգտագործել անհայտ աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը՝ տարածելով դրանք իրենց անունից, և իրենք կրեն պատասխանատվությունը տարածած տեղեկատվության համար՝ ապահովելով նաև տեղեկատվության ստուգման իրենց մասնագիտական պարտականությունը հանրության առջև:

Ըստ օրինագծի՝ լրատվական գործունեություն իրականացնողը մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, պարտավոր է հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին՝ ըստ աղբյուրների, ինչպես նաև տեղեկություններ հինգ առավել խոշոր գովազդատուների և հովանավորության մասին: Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու, օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով տուգանք (500,000 դրամ), իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում` նվազագույն աշխատավարձի` 1 մլն դրամ:

Նախագծի հեղինակներն են իմքայլականեր Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել փետրվարի 1-ին: ԱԺ լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար այն նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---