ՄԻԵԴ-ը 241 գերու հարցում է ստացել, որից 228-ը՝ հայերի վերաբերյալ

ՄԻԵԴ-ը 241 գերու հարցում է ստացել, որից 228-ը՝ հայերի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ՀՀ-ից և Ադրբեջանից, ինչպես նաև ռազմագերիների հարազատներից, դիմումներ է ստացել գերիների վերաբերյալ։ Մինչ այժմ ստացվել է 241 անձի վերաբերյալ դիմում, որոնցից 228-ը՝ հայերի մասով, 13-ը՝ ադրբեջանցիների։ ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է պահանջել այդ անձանց վերաբերյալ համապատասխան կառավարություններից։

Հունվարի 15-ին և փետրվարի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է համապատասխանաբար «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նշվում է, որ հայցվորները պնդում են 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային գույքի վրա հարձակումների, զինվորականների և քաղաքացիական անձանց մահապատիժների, խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ռազմագերիներին չհանձնելու, մարտական գործողությունների շրջաններից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման մասին, ասվում է Եվրադատարանի հաղորդագրությունում:

Բացի այդ, Ադրբեջանը պնդում է նաև, թե Հայաստանը պատասխանատու է 1992 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ու շրջապատող տարածքներում Կոնվենցիայի խախտումների, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանման, ադրբեջանցիների անհետացման և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային և կրոնական սեփականության ոչնչացման համար։

ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ երկու պետությունը պատերազմի օրերին դատարան էին դիմել նաև միջանկյալ միջոցներ կիրառելու համար։

Դատարանը նախ և առաջ ուսումնասիրելու է միջպետական գանգատները քննության ընդունելու հարցը, ասված է հաղորդագրությունում։ Որպես առաջին քայլ՝ ՄԻԵԴ-ը գանգատներն ստանալու մասին ծանուցել է պատասխանող կողմերին։

Առաջիկայում ՀՀ-ն Եվրոպական դատարան է ուղարկելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ:

Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---