Զոհրաբյանը գերեվարված լիբանանահայ կնոջ հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին

Զոհրաբյանը գերեվարված լիբանանահայ կնոջ հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին

PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին, «ով բարի կամքի դեսպանի կոչում է տալիս ռազմական հանցագործ երկրի նախագահի կնոջը», որպեսզի կազմակերպությունն իր մանդատի շրջանակում ադրբեջանուհի բարի կամքի իր դեսպանից «պահանջի չթքել միջազգային մարդասիրական իրավունքի վրա ու հայ ռազմագերիներին և Մարալ Նաջարյանին չպահի որպես քաղաքական վալյուտա, և համաձայն Ժնևի 3-րդ կոնվենցիայի՝ բոլոր ռազմագարիներին անհապաղ վերադարձնի Հայաստան»։

«Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։ Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում և պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը` նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երևան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։

Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է Մարալի գերեվարության փաստն ու ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, Մարալը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:

Մարալն Արցախ էր եկել ապրելու և գերեվարվեց կապիտուլյացիայի հաջորդ օրը։ Ես դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին, իրավապաշտպան և կանանց հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին, որպեսզի վերջիններս պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել Մարալին և բոլոր մյուս ռազմագերիներին։

Ես դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանանց, որպեսզի իրենց կոչն ուղղեն Ադրբեջանին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում կրող Ալիևի կնոջը՝ անհապաղ Հայաստան վերադարձնելու Մարալ Նաջարյանին, ով քաղաքացիական անձ է»,-ասվում է պատգամավորի գրառման մեջ։

Նաջարյանի հարցով Լիբանանի կառավարությունը միջնորդություն է ներկայացրել Բեյրութում Ադրբեջանի դեսպանություն և պահանջել ներկայացրել տեղեկություններ իր քաղաքացու ճակատագրի և անվտանգության վերաբերյալ։Ադրբեջանը մշտապես թիրախավորել է լիբանանահայերին և սիրիահայերին՝ փորձելով նրանց պաշտոնապես ներկայացնել որպես ահաբեկիչների՝ չխնայելով անգամ Բեյրութում օգոստոսի 4-ին պատահած խոշոր աղետից տուժածներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---