Ռուս լրագրողը՝ ԼՂ-ում պատերազմի, ՌԴ-ից հայերի նեղվածության, կասետային ռումբերի և իր վախի մասին

Ռուս լրագրողը՝ ԼՂ-ում պատերազմի, ՌԴ-ից հայերի նեղվածության, կասետային ռումբերի և իր վախի մասին

PanARMENIAN.Net - Պատերազմի օրերին Արցախում եղած երիտասարդ ռուս լրագրողը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, պատմել է իր տպավորությունների և տեսածի մասին։

Նա գրում է, որ Արցախում իր առաջին գիշերվա ընթացքում Ստեփանակերտի վրա 30 հրթիռ է ընկել, մշտապես հրթիռակոծվում էին ՀՕՊ համակարգերը։

«Ադրբեջանցիներն առաջինը սկսեցին հարվածել խաղաղ քաղաքներին, դա հաստատ է։ Ով ասում է, թե քաղաքացիական օբյեկտները չէին հրթիռակոծում, կամ սխալվում է, կամ ստում։ Այդ ամենն իմ աչքերի առջև է տեղի ունեցել։ Խփում էին ոչ միայն բեկորային և ֆուգասային արկերով, այլև կասետային ռումբերով։ Դա սարսափելի բան է։ Եթե այն պայթում է, դրանից հնարավոր չէ պատսպարվել՝ թիրախին հասնելուց կրիչից փոքր ռումբեր են ցրվում և դրանք մեծ տարածք են ծածկում, պայթելով հարվածից։ Դրանց բեկորները շատ ցածր են թռչում՝ պառկես էլ՝ չես փրկվի»,- գրել է նա։

Ռուս թղթակիցը նշում է, որ Ստեփանակերտը գեղեցիկ քաղաք է, «քաղաք էր»։

«Կենտրոնական փողոցները լավ վերանորոգված էին, հաճելի այգիներ ու սրճարաններ կային, խնամված տներ։ Մինչև պատերազմը փողոցներում նույնիսկ Wi-Fi կար»,- ասվում է հոդվածում, գրում է Lenta.ru-ն։

Թղթակիցը նկատել է, որ Ստեփանակերտում շատ էին ռուսերեն լեզվով ցուցանակները, ինչը ՀՀ-ում այդպես չէր։

Նա նկարագրել է նաև Ստեփանակերտի ապաստարանները, որտեղ, չնայած ծանր պայմաններին և ռմբակոծություններին, նրան հյուրասիրել են։ Այնտեղ պատսպարված կանայք ասել են, որ չեն լքում քաղաքը, քանի որ իրենց որդիները, թոռները, ամուսինները կռվում են ռազմաճակատում և իրենք չպետք է նրանց մենակ թողնեն։

«Հիշում եմ՝ պատերազմի 3-րդ շաբաթում հայ սպաներից մեկն ինձ ասաց, որ Ստեփանակերտի ՀՕՊ 90 տոկոսն արդեն ոչնչացված է։ Սարսափելի է գիտակցել, որ գտնվում ես մի քաղաքում, որն առանց պաշտպանության է մնացել։ Սակայն, պատերազմի ավարտին մոտ իրավիճակը մի փոքր փոխվեց՝ Ստեփանակերտը սկսեցին ավելի լավ պաշտպանել։ Պատճառը չգիտեմ, բայց, ինչպես ասացին տեղացիները՝ «հյուսիսային քամիներ փչեցին»։ Հասկացեք, ինչպես ուզում եք»,- գրել է նա։

Նա նշում է, որ պատերազմից հետո հայերն իրենց խաբված են զգում և շատ հարցեր ունեն իրենց ղեկավարությանը՝ ինչո՞ւ չճանաչվեց Արցախը, ինչո՞ւ հանձնեցին Շուշին, ինչու էին Շուշին միայն կամավորները պաշտպանում կանոնավոր զորքի փոխարեն։

«Նրանք այդ ամենը գնահատում են որպես տգիտություն և դավաճանություն»,- գրել է ռուս թղթակիցը։

«Հարցերը շատ են ոչ միայն (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանին, այլև նախկին ղեկավարներին, որոնք չենք զբաղվել բանակի վերազինմամբ, բայց Փաշինյանն էլ ոչ մի բան չարեց․․․ Օրինակ՝ Ստեփանակերտում հսկայական քանակի կամավորներ էին հավաքվել, բայց բանակում պատրաստված զինվորների պակաս կար։ Պատերազմը փոխվել է։ Հրետանավորների, ՀՕՊ մասնագետների, տեխնիկայի օպերատորների պակաս կար։ ՀՕՊ-ը ուշ էր արձագանքում։ Քաղաքի վրա մի քանի հրթիռ էր ընկնում, հետ նոր միանում էր ազդանշանը»,- ասվում է հոդվածում։

«Տհաճ հարցեր կան նաև Ռուսաստանին։ Այնպես չէ, որ բոլոր հայերն անխտիր կարծում են, թե Ռուսաստանը դավաճանել է իրենց․․․ Բայց ավելի լավ է այս տարածված կարծիքը մեջբերեմ․ «Թուրքիան աներկբա և հետևողականորեն սատարում էր Բաքվին։ Նա ցույց տվեց աշխարհին, որ չափազանց հուսալի դաշնակից է։ Իսկ ՌԴ-ն իրեն դրսևորեց որպես ոչ այնքան հուսալի դաշնակից»։ Ես անձամբ ուղիղ մեղադրանքներ Մոսկվայի հասցեին ոչ մի անգամ չեմ լսել, ռուսներին այնտեղ սիրում են և մեծ մասը շնորհակալ է ռուս խաղաղապահներին։

Իսկ ղարաբաղցիներն առավել ևս մեծ հարգանքով են նրանց վերաբերվում՝ երբ խաղաղապահների մեքենաներն անցնում են անցակետերով մեկը մի բլոկ ծխախոտ է տալիս, մյուսը՝ մի տուփ թխվածքաբլիթ»,- ասվում է հոդվածում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---