Վարչապետ․ Ներդրողները հավատում են ՀՀ տնտեսական, նաև քաղաքական ապագային

Վարչապետ․ Ներդրողները հավատում են ՀՀ տնտեսական, նաև քաղաքական ապագային

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էկոնոմիկայի նախարարությունում խորհրդակցության ժամանակ խոսելով եվրոպարտատոմսերի թողարկման մասին, հայտարարել է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային։

Նա նշել է, որ կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր: Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է:

Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային», - ասել է վարչապետը։

Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում և $750 մլն-ի պարտատոմս թողարկել: Դա նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: Այդ թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր 3.8%-ով։ 2019 թվականի թողարկումը 4.2 տոկոսով էր եղել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---