Սլավոնականում բողոքի ակցիա են արել՝ ի պաշտպանություն ռեկտորի

Սլավոնականում բողոքի ակցիա են արել՝ ի պաշտպանություն ռեկտորի

PanARMENIAN.Net - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներն ու դասախոսներն ի աջակցություն ռեկտոր Արմեն Դարբինյանի բողոքի ակցիա են իրականացրել բուհի հիմնական մասնաշենքի մոտ։

Ավելի վաղ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զգալի ուժեր է լծել է իրեն պաշտոնանկ անելու համար, իսկ երբ դա արդյունք չի տվել ԱԱԾ-ի միջոցով է ռեկտորի հրաժարականի պահանջ փոխանցել իրեն:

ԿԳՄՍՆ-ն Դարբինյանի պնդումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև ՀՌՀ-ի կանոնադրությունը, որը, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում:

«Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները»,- ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 10-ին«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Սլավոնական ռեկտորի հասցեին հնչող մեղադրանքների պատճառի մասին ԱԺ-ում հարց է հղել վարչապետին, սակայն պատասխանել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նա ասել է. «Այնտեղ մեր մասով էլ կա պնդում: Ես չեմ կարծում, որ ԿԳՄՍՆ-ում ստվերային ուժեր կան, այդ ամեն ինչը կատարում են ու ես տեղյակ չեմ: Ես միանշանակ հերքում եմ նաև կառավարության մասնակցությունը․․․ Ռեկտորի հետ նույնիսկ հեռախոսազրույց, ընդհանրապես որևէ բան չի եղել: Կարծում եմ՝ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, թե ինչ նկատի ունի: Ընդամենը կարող եմ ասել՝ պարո՛ն Դարբինյան, խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա, մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա: Իսկ կառավարություն-նախարարություն օղակում չկա խնդիր, եթե կա, թող ասի որտեղ է»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---