«Հայաստան» հիմնադրամի միջոցով ՀՀ է հասել ավելի քան 184 տ մարդասիրական օգնություն

«Հայաստան» հիմնադրամի միջոցով ՀՀ է հասել ավելի քան 184 տ մարդասիրական օգնություն

PanARMENIAN.Net - Պատերազմի առաջին օրերից սփյուռքի ջանքերով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ սփյուռքի տարբեր կենտրոններից Հայաստան է հասել մոտ 184,345 կգ (ավելի քան 184 տոննա) մարդասիրական օգնություն:

Ստացվել են բժշկական ժամանակակից սարքավորումներ, առաջին բուժօգնության վիրակապեր, վերքերի մշակման և մաշկի վերականգնման բուժական միջոցներ, ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, քնապարկեր, վրաններ, մահճակալներ, սնունդ, նվերների փաթեթներ արցախցի դպրոցականների համար և այլն:

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ից սկսած, սփյուռքում բնակվող հայերի և տարբեր համայնքներում գործող հայկական կազմակերպությունների ուժերով ԱՄՆ-ից և Եվրոպայից ընդհանուր առմամբ հավաքվել և հիմնադրամի ջանքերով Հայաստան է հասել մոտ 87,941 կգ հումանիտար օգնություն։ Լոս Անջելեսից բեռներ են ստացվել հոկտեմբերի 10-ին, 15-ին, 16-ին, 19-ին, 22-ին, 30-ին և 31-ին, որոնց ընդհանուր քաշը կազմել է շուրջ 61549 կգ, Նիդեռլանդներից հոկտեմբերի 11-ին և 12-ին՝ 10,415 կգ։ Հայաստան ժամանել են նաև 2 ինքնաթիռներ՝ Ֆրանսիայից և Բելգիայից հոկտեմբերի 23-ին և 26-ին համապատասխանաբար, որոնք տեղ են հասցրել Եվրոպայի տարբեր հայ համայնքներից հավաքված մոտ 15,977 կգ հումանիտար օգնություն։

Պատերազմական գործողությունների ընթացքում ստացված մարդասիրական բեռները արտակարգ դրության պայմաններում շահառուններին արագ հասցնելու նպատակով ստացած օգնությունը Հիմնադրամը ստանալուն պես զիջել է Արտակարգ իրավիճակների, Առողջապահության և Պաշտպանության նախարարություններին, որը հնարավորություն է տվել ստացված մարդասիրական օգնությունը առանց օր կորցնելու անմիջապես ուղղել ծառացած կարիքների ապահովմանը։

Պատերազմի ավարտից հետո ևս հիմնադարմի ջանքերով Հայաստան է հասել և բաշխվել 33,389 կգ հումանիտար օգնություն։ Այս շրջանում օգնության մեծ մասը ժամանել է Լոս Անջելեսից, ինչպես նաև Ֆրանսիայից: Հումանիտար բեռները Հայաստան են հասել նոյեմբերի 19, 20, դեկտեմբերի 6-ին, 7-ին , 14-ին, 18-ին ,21-ին, 24-ին, 26-ին, 28-ին ,29-ին և 2021 թվականի հունվարի 14-ին։

Այս շրջանում ստացած օգնությունը բաշխվել է մի շարք առողջապահական և համայնքային կառույցների, այն է՝ Քանաքեռ–Զեյթուն ԲԿ և ծննդատուն, պրոֆ․ Ռ․Օ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն, Մուրացանի զինվորական հոսպիտալ, Մարտունի ԲԿ, Կապանի ԲԿ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, Նոյեմբերյան ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ, Վարդենիսի հիվանդանոց, Էրեբունի ԲԿ, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Գորիսի ԲԿ, օգնություն է տրամադրվել Արցախի առողջապահության նախարարությանը։ Որոշակի քանակի օգնություն` հիմնականում ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, շահառուներին փոխանցվել է Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի մարզպետարանների միջոցով:

Մարդասիրական բեռները շարունակում են ժամանել, և այս պահի դրությամբ պահեստավորված է հունվարի 22-ից փետրվարի 4-ը Լոս Անջելեսից ստացվաց 63,015 կգ բեռ։ Դրանք դեռևս գտնվում են մաքսազերծման և դասակարգման գործընթացում և շուտով կհասնեն իրենց հասցեատերերին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Նախագահ Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:

Համահայկական հիմնադրամը պատերազմի օրերին հավաքել էր 170,6 միլիոն դոլար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---