Քննարկում` ԵԱՀԿ ԽՎ-ում․ ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ԼՂ-ում ոչ ընտրողաբար հարվածների, արգելված այլ հարձակումների մասին

Քննարկում` ԵԱՀԿ ԽՎ-ում․ ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ԼՂ-ում ոչ ընտրողաբար հարվածների, արգելված այլ հարձակումների մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ-ն քննարկել է Covid-19-ի պայմաններում հակամարտությունների մարդասիրական ազդեցությունները: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդասիրական պաշտպանություններն ու մարդու իրավունքները հակամարտության գոտիներում» խորագրով վեբինարի մասնակիցները նշել են, որ չնայած Covid-19-ի համավարակին և աշխարհում հրադադար պահպանելու կոչերին՝ 2020թ․ ԵԱՀԿ տարածությունում հակամարտությունները շարունակում էին ազդել քաղաքացիական բնակչության վրա՝ հանգեցնելով հազարավոր մահերի, տեղահանությունների, հիմնավոր իրավունքների մերժման, գրում է «Առավոտը»։

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Լորդ Բոունեսը (Մեծ Բրիտանիա) նկատել է, որ ԽՎ-ն շարունակում է պատշաճ ուշադրության տակ պահել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում հակամարտությունների հետևանքով առաջ եկած մարդասիրական իրավիճակը:

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Փիթեր Մաուերը նկարագրել է նշված երկրներում հումանիտար ոլորտում հակամարտությունների լուրջ ազդեցությունը, հատկապես համավարակի համատեքստում: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ոչ ընտրողաբար հարվածների, ինչպես նաև օրենքով արգելված այլ հարձակումների մասին, երբ պայթող սպառազինություն է կիրառվել քաղաքներում, գյուղերում և այլ բնակեցված տարածքներում՝ հանգեցնելով մահերի և վիրավորումների, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքների ավերման:

Նա կոչ է արել ԵԱՀԿ խորհրդարանականներին ազդել իրենց կառավարությունների վրա՝ ընդունելու օրենքներ, որոնք կամրապնդեն մարդկանց անվտանգությունն ուժեղացնելու հանձնառությունները, այդ թվում ապահովելով, որպեսզի միջազգային մարդասիրական իրավունքը հարգեն բոլոր կողմերը բոլոր ժամանակներում:

Վեբինարին մասնակցել է ավելի քան 125 մարդ, այդ թվում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Լորդ Բոունեսը (Մեծ Բրիտանիա) և խորհրդարանականներ՝ հակամարտության ազդեցությունը կրած մի քանի երկրներից: Վեբինարում քննարկվել է, թե ինչպես բարելավել հումանիտար իրավիճակը հակամարտության գոտիներում, ամրապնդել միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հանձնառությունները, ինչպես նաև անդրադարձել են տեղահանությունների երկարաժամկետ հետևանքներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---