ԵԱՀԿ նախագահն ու Արցախի ԱԳ նախարարը Քննարկել են ԼՂ կարգավորումը

ԵԱՀԿ նախագահն ու Արցախի ԱԳ նախարարը Քննարկել են ԼՂ կարգավորումը

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն։

Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։

Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։ Բաբայանն ընդգծել է «քաղաքական առևտրում գերության մեջ գտնվող անձանց» և նրանց հարազատների տառապանքների օգտագործման անթույլատրելիությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։

Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի զավթած տարածքներում։

Լինդեն ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Արցախում հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի գործընթացում։ «Մի քանի հարց դեռ կարոտ է լուծման»,-ասել է նա։

Այվազյանը նշել է, որ ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---