ՄԻՊ․ Սյունիքի հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ ծառայողների ներկայությունն ապօրինի է

ՄԻՊ․ Սյունիքի հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ ծառայողների ներկայությունն ապօրինի է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համատեղ այցով Սյունիքի մարզում են՝ այցելել են Խնածախ գյուղ, Գորիս: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Թաթոյանը։

Գրառման մեջ նշվում է՝ ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ, ինչի մասին ՄԻՊ-ը նշել է բազմիցս:

Նշվում է նաև, որ Խնածախում առաջնային հարցն է գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումը, որ ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելուց պատճառով: Գյուղի բնակիչները չեն կարողանում օգտվել իրենց հողատարածներից ու այգիներից, արոտավայրերից ու խոտհարքներից: Մարդիկ զրկվում է իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ:

Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների լավագույն շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:

Խնածախում բնակիչների հետ քննարկվել են նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքներին, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցությանը, երեխաների իրավունքների հարցեր:

Գորիսում ՀՀ նախագահի և ՄԻՊ մասնակցությամբ տեղի են ունեցել համատեղ քննարկումներ համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները:

«Կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում առկա է անորոշություն ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները: Հետևաբար, ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի»,-ասվում է գրառման մեջ։

Նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ առնվազն 5-7 կմ տարածությամբ։ Ըստ ՄԻՊ, դա ենթադրում է, որ համայնքների հարևանությամբ կամ այդ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական ԶՈւ կամ սահմանապահ զորքերի ծառայողներ չպետք է լինեն., Սյունիքի մարզի համայնքերի միջև ճանապարհներին ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն՝ նրանք 10 կմ-ով պետք է հեռացվեն այն վայրերից, որտեղ այսօր գտնվում են. ՀՀ ԶՈւ կամ ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները պետք է տեղակայվեն ադրբեջանական ծառայողների տեղակայումների անմիջապես դիմաց.

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---