Իրանում ՀՀ դեսպան․ Կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունը Բաքվի նկատմամբ հայ գերիների ազատման հարցում

Իրանում ՀՀ դեսպան․ Կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունը Բաքվի նկատմամբ հայ գերիների ազատման հարցում

PanARMENIAN.Net - Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ուենալ Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման վրա, ասել է, որ ցանկալի կլիներ տեսնել Իրանի գործուն ազդեցությունը Բաքվի նկատմամբ հայ գերիների ազատման հարցում։

«Հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, մենք կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը»,-ասել է նա, տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանը հատուկ ընդգծել է Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով:

«Դա վերաբերում է երկու երկրի ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրի ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում»,-ասել է Թումանյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ամբողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը:

Թումանյանը նշել է, որ հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը կողմ է ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք ըստ որոշ ԶԼՄ-ների դեռ մնացել են տարածաշրջանում, պայքարի նպատակով համագործակցել տարածաշրջանային երկրների, այդ թվում` Իրանի հետ՝ դեսպանն ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ։

«Արցախյան վերջին պատերազմին առնչվող ամենադատապարտելի իրողություններից մեկը Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներից վարձկան ահաբեկիչների հավաքագրումը և փոխադրումն էր տարածաշրջան: Այդ ահաբեկիչներն արդեն իսկ հայտնի էին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների դեմ գործած վայրագություններով: Նրանք պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ»,-ասել է նա:

Թումանյանը նշել է նաև, որ, ըստ հայկական կողմի, հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: «Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---