ՄԻՊ-ն ադրբեջանցիների վայրագությունների 297 վերլուծված ֆոտո և վիդեո կուղարկի միջազգային կառույցներին

ՄԻՊ-ն ադրբեջանցիների վայրագությունների 297 վերլուծված ֆոտո և վիդեո կուղարկի միջազգային կառույցներին

PanARMENIAN.Net - ՄԻՊ աշխատակազմն ավարտել է 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Բոլոր նյութերը կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրերով:

Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (նույն մարդու կամ հուշարձանի կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել)․

· 98-ը՝ կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն

· 17-ը՝ գլխատումներին ու սպանություններին

· 32-ը՝ զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել)

· 54-ը՝ գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն

· 49-ը՝ Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը

· 26-ը՝ հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին

· 12-ը՝ այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ

· 9-ը՝ պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը:

Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով:

Նշվում է, որ հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել:

«Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները:

Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:

Ադրբեջանական իշխանությունները ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---