ԵԱՀԿ-ում ԱՄՆ հավատարմատարը՝ Բայրամովին․ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հետ կքաշի իր զորքերը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ հավատարմատարը՝ Բայրամովին․ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը  հետ կքաշի իր զորքերը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օսթրիենը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, հայտարարել է, որ զինվորականների զորաշարժերը «վիճելի տարածքներում» սադրիչ են։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հետ կքաշի իր զորքերը և կոչ անում կողմերին անհապաղ բանակցություններ սկսել ընդհանուր միջազգային սահմանների սահմանագծման վերաբերյալ»,- ասել է նա, տեղեկացնում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության պաշտոնական կայքը:

Օսթրիենն ասել է նաև, որ վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում են, որ միայն համապարփակ համաձայնագիրը, որտեղ հաշվի կառնվեն բոլոր չլուծված հարցերը, կարող է հանգեցնել հրադադարի և ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, և թույլ կտա ժողովրդներին խաղաղ ապրել։

«Մենք կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ երկխոսություն սկսել համանախագահների հետ՝ դիտարկելու համար նրանց առաջարկներն ու կողմերի գերակայություններ արտահայտող օրակարգի վերաբերյալ համատեղ որոշումների կայացումը»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին ամրապնդել հրադադարի ռեժիմը՝ արագացնելով բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, ականազերծման համար անհրաժեշտ տվյալների փոխանակումը։

«Մենք երկու կողմին կոչ ենք անում խուսափել ատելություն բորբոքելուց և հետաքննել մարդու իրավունքների կամ միջազգային հումանիտար իրավունքի խախտումները, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության կանչել։ Այդ գործողությունները կայունության, արդարության անբաժան մասն են»,- ասել է Օսթրիենը։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտությունն ակնհայտ է։

«ԱՄՆ-ն կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահների և անձնական ներկայացուցչի համագործակցությունը, այդ թվում՝ նրանց լիարժեք և անկաշկանդ մուտքը տարածաշրջան, կօգնի մեղմել լարվածությունը և կանխել բռնությունները: Հորդորում ենք կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բարձր մակարդակի բանակցությունների առանց նախապայմանների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---