Կաթողիկոսն այցելել է Ամարաս. «Ծանր փորձությունը չի կարող հուսալքել»

Կաթողիկոսն այցելել է Ամարաս. «Ծանր փորձությունը չի կարող հուսալքել»

PanARMENIAN.Net - Հովվապետական այցով Արցախում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանք, որտեղ նրան դիմավորել են մոտակա համայնքների բնակիչներ և զինծառայողներ։

Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի ժողովրդի համար։

Սբ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Միասնական աղոթք է կատարվել։

Վերջում Նորին սրբությունն իր օրհնությունն ու պատգամն է բերել ներկա ժողովրդին։

«․․․Ծանր փորձությունը, որի միջով անցանք և հիմնախնդիրները, որոնք մեր առջև են, չեն կարող մատնել մեզ հուսալքության, այլ ընդհակառակը՝ պիտի առավել համախմբեն ու ամրացնեն մեզ, առավել պիտի իմաստացնեն մեզ՝ դասեր քաղելու սխալներից և սթափ գնահատելու իրավիճակները։․․․

Աննվազ է մեր ժողովրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունն Արցախին և ջանքեր ներդնելու՝ ի խնդիր այստեղ ապրող Մեր զավակներիդ իրավունքների պաշտպանության», - ընդգծել է Հայրապետը՝ կարևորելով ազգի ուժերի համախմբումը Արցախում ծանր պատերազմի հետևանքով ավերակված տների, դպրոցների, հիվանդանոցների վերականգնման, սրբատեղիների պահպանության գործում։

Կաթողիկոսը պատգամել է արցախցիներին և համայն հայ ժողովրդին նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին և իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը։

Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո Կաթողիկոսն իր խոնարհումն է բերել Սբ Գրիգորիս Հայրապետի շիրիմին, ապա ծանոթացել Ամարասի վանքի հիմնանորոգման աշխատանքներին։

Այնուհետև հայրապետական պատվիրակությունն ուղղվել է դեպի Մաճկալաշեն համայնք, ուր Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում է ունեցել համայնքի զոհված հայորդիների ընտանիքների հետ՝ բերելով իր մխիթարությունն ու օրհնությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---