ՔԿ․ Հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղանձանց թիվը 275 է

ՔԿ․ Հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղանձանց թիվը 275 է

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն հայտարարել է, որ 2021-ի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի վաղ փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն Զինվորների ապահովագրության հիմնադրամն ապրիլին կառավարությանը զեկուցել է, որ անհետ կորածների թիվը 1064 է:

ՔԿ պարզաբանման մեջ նշվում է նաև, որ քրեական վարույթի շրջանակում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։

«Հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը։

Մասնավորապես, հարկ է նշել, որ ռազմական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները, ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը սահմանված է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով, «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ և «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 24-ի թիվ 2180-Լ որոշումներով, որոնց համաձայն գտնվելու վայրն անհայտ զինծառայողը ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ համապատասխան տվյալների ստուգման արդյունքում, որոնք ամփոփվում են ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական և սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ծառայողների կողմից և ուղարկվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Նշված միջոցառումների արդյունքում նոր անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ և ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ»,-ասվում է ՔԿ պարզաբանման մեջ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ կառավարության որոշմամբ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում`անհետ կորածների անվանական ցանկով։

«Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհետ կորած զինծառայողների հարազատներն սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուներն ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է մոտ 700 աճյուն, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---