2021-ին «Ավրորա» մրցանակը կշնորհվի Վենետիկում

2021-ին «Ավրորա» մրցանակը կշնորհվի Վենետիկում

PanARMENIAN.Net - 2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Վենետիկում` հոկտեմբերի 8-10-ը, տեղեկացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։

Բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և Aurora Dialogues քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Սա կլինի նաև «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո:

2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում էր իր հնգամյակը՝ Նյու Յորք քաղաքում անցկացնելով առցանց միջոցառում, որը նվիրված էր «Ավրորայի» առանցքային գաղափարին՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակվող միջոցառման հատուկ հյուրն էր «Ավրորայի» համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը, որը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման՝ հենվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Շատ ուրախ եմ, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա հայկական ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկում, կարևորելով մեր ներկայությունը Եվրոպայում անցած տարի ԱՄՆ-ում կայացած միջոցառման հաջողությունից հետո: «Ավրորան» շարունակում է հաջողությամբ առաջ տանել մարդասիրական մոտեցումները, և մենք անհամբեր սպասում ենք «Ավրորա» համայնքի ներկայացուցիչների հետ փառաբանելու մերօրյա հերոսներին ու արժանին մատուցելու նրանց՝ կատարած աշխատանքի համար»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Միևնույն ժամանակ շարունակվում է 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը: Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուներ, որոնք, ըստ նրանց, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---