Նախարար․ Ապօրինի ծագում ունեցող գույքի հունձք է սպասվում

Նախարար․ Ապօրինի ծագում ունեցող գույքի հունձք է սպասվում

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցին, «Ազատությանը» հարցազրույցում ասել է, որ նախորդ մեկուկես տարում 300 նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գույք է ուսումնասիրվել, որոնցից տասնյակներն արդեն ավարտական փուլում են։ Նա նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի հունձք է սպասվում։

«Հիմա մենք սկսելու ենք կամաց հունձքը բերել ժողովրդին, բայց նաև պետք է ասել, որ այս համակարգը գոյություն չուներ։ Միայն 1-1.5-2 տարի պահանջվեց, որպեսզի օրենսդրական համակարգ մտածվի, թե թալանածը ոչ թե ինչ-որ մեկի մատի շարժումով ոնց բերես ժողովրդին կամ նվեր բերես ժողովրդին, այլ օրինական ճանապարհով գնաս ու գանձես:

Համակարգային խնդիրներ եղել են, թերացումներ եղել են, դանդաղումներ եղել են, էլի են լինելու, ես ինքս հաստատ սխալներ անելու եմ, ժողովո՛ւրդ, բայց պետք է հասկանալ` վեկտորն ուր է գնում։ Այսինքն` այդ սխալը ես դիտմամբ եմ անում, որ ինչ-որ մեկին պաշտպանե՞մ, թե ի վերջո ընդհանուր մեծ համակարգի մեջ ես չեմ հասցրել որպես նախարար շտկել և դատարանը, և դատախազությունը, և քննչականը, և ոստիկանությունը, և ԱԱԾ-ն, չէ՞ որ այդ համակարգերը բոլորն իրար հետ պիտի կոալիցիա կազմեն, որպեսզի այդ ամբողջը լինի»,-ասել է նա:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե ինքը, խոսելով 40 դատավորների մասին, 40 թալանչիների մասին, խոսում է 40 ավազակների մասին, բայց Ալի Բաբայի մասին լռում է՝ նախարարն ասել է, որ չի լռում:

«Չեմ լռում, ուղղակի դա իմ ոլորտի մեջ չէ դեռ, և մենք Ալի Բաբայի և նրա ամբողջ մաֆիոզ համակարգի մասին, ես գոնե վերջին չասեմ նույնիսկ 3, հեղափոխությունից էլ առաջ ենք խոսել։Եվ հիմա ես` որպես նախարար արդեն այդքան խոսելու բան չունեմ անելու, այլ գործ ունեմ անելու: Եվ ես պիտի իմ բաժին գործը անեմ, իմ բաժին խողովակը դնեմ, որ և Ալի Բաբան, և իր 40 դատավորները, և իր մնացած 400 ավազակները կամաց գան, մտնեն այն խցերը, որը ես իրենց համար հիմա պետք է վերանորոգեմ, դարձնեմ մարդկային։ Հետո նաև հետևեմ, որ այդտեղ բջջայիններ չանցկացնեն, որ նրանք այդտեղ խաղամոլությամբ չզբաղվեն, նաև պիտի հետևեմ, որ իրենք այդտեղ նարկոտիկ չանցկացնեն, որովհետև, ցավոք սրտի, թմրամոլությունն էլ է զարգացում ապրել քրեակատարողական հիմնարկներում, հետո պիտի հետևեմ, որ նաև պայմանական ազատումներն իրենց ժամանակին տրվեն, երբ որ իրենք իրենց խելոք պահեն: Հետո նաև պիտի հետևեմ, որ կողքի հարևանի գույքն էլ ձեռից չխլենք, ինչ է թե եղել է Ալի Բաբայի հարևանը: Մենք այս ամբողջը պետք է շատ ուշադիր անենք ու շատ արդար»,-ասել է Կարեն Անդրեասյանը։

Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլն դրամը։ Gույքը կարող է բռնագանձվել, եթե կա դատարանի վճիռ, իսկ դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, որը համարվում է ենթադրյալ ապօրինի գույքի սեփականատերը։ Բռնագանձվող գույքը կարող է կամ լինել հօգուտ Հայաստանի կամ այդպիսի գույքի նկատմամբ հիմնավոր պահանջ ունեցող այլ պետության։

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է