Սեպտեմբերի 5-ին Աղթամարի Սբ Խաչում պատարագ կմատուցվի

Սեպտեմբերի 5-ին Աղթամարի Սբ Խաչում պատարագ կմատուցվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի։ Այն սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին:

Եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ, գրում է Ermenihaber-ը:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պատարագին մասնակցելու համար կղզի թույլ կտան այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց: Պատարագի ընթացքում՝ ժամը 09:00-12:00-ն, փակ է լինելու այցելուների համար:

10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով կառուցված Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին 1113-1895թթ. եղել է Աղթամարի կաթողիկոսների նստավայրը: Կաթողիկոսության վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել են Պոլսի հայոց պատրիարքությանը։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Սբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017թթ. ընթացքում Թուրքիայի արևելյան որոշ շրջաններում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէին արտոնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---