ԱՀ ՄԻՊ․ Շուշիից խլացնում են սահմանային բնակավայրերի բջջային ու ինտերնետ կապը

ԱՀ ՄԻՊ․ Շուշիից խլացնում են սահմանային բնակավայրերի բջջային ու ինտերնետ կապը

PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին, հայտարարել է, որ ԱՀ-ում կան բնակարաններ, որտեղ կապն ընդհանրապես բացակայում է։ Նա տեղեկացրել է, որ ադրբեջանցիները Շուշիի հատվածից խլացնում են սահմանային բնակավայրերի բջջային կապն ու ինտերնետի սփռումը։

«Նախկինում նման դեպքեր եղել են, երբ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ էին այցելում Շուշի, հիմա կարծես այդ խլացուցիչներն ընդհանրապես չեն անջատվում, շատ լուրջ խնդիր ունենք: Եթե նախկինում ավելի շատ բջջային կապն էր խլացվում, ապա հիմա համացանցի հետ կապված ևս խնդիր կա»,-ասել է Գեղամ Ստեփանյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ այդ բնակավայրերը հիմնականում սահմանային շրջանին ամենամոտն են տեղակայված և նրանց՝ վտանգի դեպքում շատ դժվար կլինի դրա մասին տեղեկանալ և համապատասխան օգնություն ցուցաբերել:

ԱՀ ՄԻՊ-ն անդրադարձել է նաև Արցախում ջրի խնդրին և նշել, որ սա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ ադրբեջանցիների։

«Ստեփանակերտի պարագայում դա ավելի շատ պայմանավորված է տաք եղանակային պայմաններով, ջրային ռեսուրսների քչությամբ և այն հանգամանքով, որ տեղահանված բնակչությունը՝ մոտ 13-15 հազար մարդ, բնակություն է հաստատել Ստեփանակերտում, ինչը 50,000 բնակիչ ունեցող Ստեփանակերտի համար բավականին մեծ թիվ է, սա ևս ջրի հետ կապված խնդրներ է առաջացրել»,-ասել է Գեղամ Ստեփանյանը.

Նրա խոսքով ՝ սահմանամերձ դարձած համայնքները ջրային պաշաներից զրկված են, քանի որ այդ համայնքները սնուցող ջրային պաշարներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Արցախի ՄԻՊ-ը նաև նշել է, որ Արցախի սոցիալական հիմնական խնդիրներից է նաև բնակարանային խնդիրը։ Ըստ նրա, բնակիչների մեծ մասը բնակարան չի գտնում։

«Ստեփանակերտում այս խնդիրը մինչ պատերազմն էլ առկա է եղել, պատերազմից հետո ավելի խիստ է արտահայտվել: Մարդիկ փակվում են նկուղներում, որտեղ ամենատարրական կենսական պայմաններն ապահովված չեն, զրկված են սանիտարական պայմաններից»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ պատերազմից հետո լուրջ խնդիր է առաջացել նաև աշխատանքային ոլորտում, քանի որ շատերը, որոնք մինչ պատերազմն աշխատում էին այժմ արդեն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների պետական կառույցներում, հիմա գտնվում են հարկադիր պարապարդում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ապահովել են մոտ 5000 բնակչի համար գերարագ ինտերնետի և որակյալ բջջային կապի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։Մարտակերտի շրջանում շփման գծի հարևանությամբ հեռահաղորդակցային ցանցի աշխատակիցները վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են իրականացրել և փոխարինել հեռարձակող սարքավորումները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---