Ադրբեջանցիներն ավերել են Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ Աստվածածին եկեղեցին

Ադրբեջանցիներն ավերել են Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ Աստվածածին եկեղեցին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանն ու վնասել Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այդ են վկայում 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարները, տեղեկացնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

Նշվում է, որ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։

Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել 2012 թվականին:

«Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։

Մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ կանգուն էին դպրոցն ու նրան կից հուշարձանը»,-գրում է կայքը։

Նշվում է, որ Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում։

Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, որի անասնագոմերը հենց այդ տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---