Սանոսյան․ Տաթև-Աղվանի ճանապարհի աշխատանքներն ավարտել են, 6 վայրում շինաշխատանքներ են սկսել

Սանոսյան․ Տաթև-Աղվանի ճանապարհի աշխատանքներն ավարտել են, 6 վայրում շինաշխատանքներ են սկսել

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի աշխատանքներն ավարտել են և 6 վայրում շինարարական աշխատանքներ սկսել։

Նա ասել է, թե Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ են արվել և շարունակվում են արվել, գրում է Aysor.am-ը։

«Տեղեր կան՝ որոշակի ավարտական տեսքի են բերվում, տեղեր կան՝ ընթացիկ, տեղեր էլ կան՝ նոր ենք սկսել, և մոտ ժամանակներում փուլ առ փուլ կբերենք ավարտական տեսքի», - ասել է նա։

Սանոսյանը նշել է, որ կառավարությունն ուշադրությունը կենտրոնացրել էր Տաթև-Աղվանի ճանապարհի վրա՝ հաշվի առնելով, որ գլխավոր այլընտրանքային ճանապարհն է։

«Այս ընթացքում սկսել ենք տարբեր հատվածներում ճանապարհների նախագծման աշխատանքներ, որոշ տեղերում նաև շինարարական աշխատանքներ իրականացնել», - նշել է Սանոսյանը։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ ասվում էր․ «Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն ՀՀ տարածքում չեն գտնվում: Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---