Սյունիքի մարզպետի` սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատ կարձակվի

Սյունիքի մարզպետի` սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ կարձակվի։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվել։

Կարեն Պողոսյանը դեռևս գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, նրա կալանավորման ժամկետը կլրանա առաջիկա օրերին, ինչից հետո նա ազատ կարձակվի, քննիչի կողմից նրա նկատմամբ այլ խափանման միջոց կընտրվի։

Հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։

Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, ի վերջո, նա սեպտեմբերի 22-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ, իսկ սեպտեմբերի 24-ին դատարանը Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու որոշում է կայացրել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---