Հունվարի 1-ից ջրի գինը կբարձրանա

Հունվարի 1-ից ջրի գինը կբարձրանա

PanARMENIAN.Net - 2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները:

2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ, ասվում է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ։

2021-ի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022-ի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ:

Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021-ի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2,137, 566 խորանարդ մետր։

Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրվել է №24 համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---