Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին Գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։

Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը և ևս երկու ամսով երկարացրել ընտրված խափանման միջոց կալանքը։ Առաջադրված մեղադրանքը Հովսեփյանը չի ընդունում՝ այն որակելով «ապօրինի»։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004-ի մարտի 18-ից մինչև 2013-ի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-ի հուլիսի 18-ից մինչև 2018-ի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190,000,000 դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800,000,000 դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանն, ըստ մեղադրանքի, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 մլրդ 299 մլն 404 հզր 414 դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---