Դավիթ Բաբայան․ Արցախի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ

Դավիթ Բաբայան․ Արցախի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին ունեցած ելույթոում հայտարարել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։

Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։

Բաբայանը բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։

Խորհրդաժողովին ելույթներով հանդես են եկել՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
---