Փայլանը՝ Չավուշօղլուին․ Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած

Փայլանը՝ Չավուշօղլուին․ Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած

PanARMENIAN.Net - Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսելով տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին, շեշտել է, որ թուրքերի պատմությունն առանց հայերի ու քրդերի հնարավոր չէ շարադրել, ինչպես հնարավոր չէ հայերի պատմությունն առանց թուրքերի ու քրդերի պատմել:

Փայլանը դիմել է դահլիճում նստած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ ասելով, որ իր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած։

Նա հիշեցրել է, որ Չավուշօղլուն տարիներ շարունակ կոչ է անում ամբիոնից ժողովրդին դիմելիս ազգակիցներ բառի փոխարեն օգտագործել հայրենակիցներ/քաղաքացիներ բառը, գրում է Еrmenihaber-ը:

«Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած, ես էլ տեսականորեն կարող եմ նստել ձեր աթոռին: Ձեզ դուր կգա՞, որ ես վեր կենամ ասեմ՝ ազգակիցներիս համար այս կամ այն բանն եմ անում: Դուր չի գա: Այս երկիրը ոչ թե ազգակիցներ, այլ քաղաքացիներ ունի»,- ասել է Փայլանը թուրք նախարարին:

Նա նշել է, որ դարեր շարունակ Հռոմում, Բյուզանդիայում, Սելջուկյան ու Օսմանյան պետություններում ժողովուրդներն ինչ-որ կերպ կարողացել են այս տարածաշրջանում միասին ապրել։

«Բայց դրանից հետո արդեն 150 տարի ազգայնականության հիվանդությունն է ներթափանցել այս տարածաշրջան: Առանձնաշնորհյալության հիվանդությունն է ներթափանցել: Այդ ժամանակ ասացին, թե բա մենք թուրք ենք: Շատ լավ, բարով եք եկել, բայց չէ՞ որ այստեղ էլ (մինչև թուրքերի գալը-խմբ.) ժողովուրդներ կային: Միասին ապրեցինք, միասին քաղաքակրթություն հիմնեցինք: Հպարտանում եք ճարտարապետ Սինանի ստեղծագործություններով: Սինանը կեսարիացի հայ էր: Ինչ արել ենք, միասին ենք արել: Հետո ազգայնականության ու առանձնաշնորհյալության հիվանդությունը եկավ»,-ասել է նա:

Փայլանը հիշեցրել է, որ Գիրգոր Զոհրապը, որն Օսմանյան խորհրդարանի ամբիոնից խոսում էր միասին ապրելու և հավասար իրավունքների մասին, դաժանաբար սպանվեց կոտորածի ժամանակ: Հայ պատգամավորի խոսքով՝ հայ և հույն ժողովուրդները դավաճանվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---