Հարցում. Երևանում Ռուսաստանը բարեկամ երկիր է համարում հարցվածների 35%-ը, իսկ Ֆրանսիան՝ 43%-ը

Հարցում. Երևանում Ռուսաստանը բարեկամ երկիր է համարում հարցվածների 35%-ը, իսկ Ֆրանսիան՝ 43%-ը

PanARMENIAN.Net - Երևանում Ռուսաստանը բարեկամ երկիր է համարում հարցվածների 35%-ը, իսկ Ֆրանսիան՝ 43%-ը: Այդ են վկայում 2021թ․ հոկտեմբեր-նոյեմբերին Երևանում անցկացված հարցման արդյունքները։

Հարցումն անցկացվել է թե ով է Հայաստանի լավագույն դաշնակիցը թեմայով, ավելի կոնկրետ՝ համեմատություն ՌԴ և Ֆրանսիայի հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև՝ թե ինչու է աճում դրական վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ և նվազում՝ Ռուսաստանի հանդեպ։

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը հարցման արդյունքները ներկայացրել է Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա նիստում՝ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 7 տարին․ Եվրասիական ինտեգրում երեկ, այսօր, վաղը» կոնֆերանսի ժամանակ, գրում է Verelq-ը։

Նա ասել է, որ հարցման մասնակիցներին ուղիղ հարց է տրվել․ «Ռուսաստանը/Ֆրանսիան բարեկա՞մ, ոչ բարեկամ, թե չեզոք երկիր եք համարում Հայաստանի համար»։ Պարզվել է, որ Ռուսաստանը բարեկամ երկիր է համարում հարցվածների 35%-ը, իսկ Ֆրանսիան՝ 43%-ը։ Մյուս կողմից, ՌԴ-ն ոչ բարեկամ երկիր է համարում հարցվածների 17%-ը, իսկ Ֆրանսիան՝ 2%-ը։

«Արդյունքն ապշեցուցիչ է։ Սակայն, առավել հատկանշական է այն, որ այս, կարծես թե, պարզ հարցերին դժվարացել է պատասխանել հարցվածների 23 և 28%-ը։ Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը և հարակից ու հաջորդած ընդհանուր տեղեկատվական ազդեցությունը կոգնիտիվ դիսոնանս է ձևավորել հանրային գիտակցության մեջ, երբ մարդկանց ուղեղում նույն օբյեկտի հանդեպ երկու իր բնույթով հակադիր դրվածք է մրցակցում»,-ասել է Մանուկյանը։

Հաջորդ հարցը հետևյալն էր․ «Ի՞նչն է նախընտրելի Հայաստանի համար՝ զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, թե Ռուսաստանի հետ»։

Մասնակիցների 30%-ը պատասխանել է, որ «գերադասելի է հարաբերությունները զարգացվել Ռուսաստանի հետ», իսկ 20%՝ Ֆրանսիայի։ Սակայն հարցվածների գրեթե մեկ երրորդը՝ 32%-ը, կարծում է, որ «հարաբերությունները պետք է զարգացնել և Ռուսաստանի, և Ֆրանսիայի հետ»։

Իսկ այն հարցի դեպքում, որ եթե Հայաստանը ստիպված լիներ զարգացնել հարաբերությունները կամ Ֆրանսիայի, կամ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կողմնակիցների քանակը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 54%, իսկ Ֆրանսիայի կողմնակիցների քանակն ավելացել է 4%-ով։ Այս դեպքում Ֆրանսիայի կողմնակիցների ընդահնուր քանակը կազմել է 23%, ինչը անգամ պակաս է, քան ՌԴ ցուցանիշը։

2019-ին Երևանում ՌԴ-ին լավագույն դաշնակից էր համարում հարցման մասնակիցների 47%-ը, իսկ Ֆրանսիային՝ 12%-ը։ Իսկ կամ-կամ ընտրության դեպքում ՌԴ օգտին արտահայտվել էր 54%-ը, Ֆրանսիայի օգտին՝ 23%-ը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---