Չավուշօղլու․ Առաջիկայում կհայտարարվի՝ որ ընկերությունները Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնեն

Չավուշօղլու․ Առաջիկայում կհայտարարվի՝ որ ընկերությունները Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնեն

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) հանդիպումներին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ընկերությունները կարող են Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնել։

Նա ասել է, որ թռիչքների համար իրենց արդեն դիմել են հայկական ու թուրքական ավիաընկերություններ:

«Դիմումներն ուսումնասիրվում են մեր Տրանսպորտի նախարարության ու Քաղավիացիայի կողմից: Սկզբունքորեն դրական ենք վերաբերվում: Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել».- ասել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Չավուշօղլուն պնդել է, թե Թուրքիան և Ադրբեջանը պատերազմից հետո շարունակաբար դրական ուղերձներ են հղում ու ավելացրել. «Հատկապես կարևոր է համընդգրկուն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Ադրբեջանի արած առաջարկը Հայաստանին: Դա նաև ցույց է տալիս մեր և Ադրբեջանի նպատակն ու մոտեցումը»:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել տարածաշրջանում այնպիսի համատեղ նախագծեր, որոնք կբերեն խաղաղություն, կայունություն և տնտեսական վերելք:

Վերջինս հույս է հայտնել, որ Հայաստանը տարածաշրջանի խաղաղությանն ու հանգստությանը միտված կարևոր քայլեր կանի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Ղըլիչը։

Մինչև այդ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր՝ հաստատելով ներկայացուցիչներ նշանակելու մասին նրա խոսքերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---