ՄԻՊ․ Այն, ինչ կատարվում է ՏԻՄ հետ, լի է ժողովրդավարության հիմքի համար խորքային վտանգներով

ՄԻՊ․ Այն, ինչ կատարվում է ՏԻՄ հետ, լի է ժողովրդավարության հիմքի համար խորքային վտանգներով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով:

«ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ:

Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով:

Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով»,-ասվում է գրառման մեջ:

Թաթոյանը նաև նշել է, որ ընտրական իրավունքը «ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ»:

Վերջին շրջանում բազմաթիվ են դեպքերը, երբ քրեական գործեր են հարուցվում ՏԻՄ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամաբ, կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։ Դեկտեմբերի 16-ին կալանավորվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը, որի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---