Առաջարկ. Փոխհատուցել լաստանավով բեռնափոխադրող ընկերությունների ծախսը

Առաջարկ. Փոխհատուցել լաստանավով բեռնափոխադրող ընկերությունների ծախսը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոխհատուցել Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ լաստանավերով բեռնափոխադրում իրականացնող հայկական ընկերությունների ծախսերը: Առաջարկը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի կայքում։

Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրներով։

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը Կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը», - ասվում է նախագծում։

Նշվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ն կապող միակ ցամաքային ճանապարհը հանդիսացող Վերին Լարսի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար և 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար և 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Այդ թիվն ավելի է աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։ Փոխադրողները Հայաստանից տարեկան առնվազն 10 հազար անգամ անցնում են Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ։

Նշվում է նաև, որ Ստեփանծմինդա-Լարսը պարբերաբար փակվում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում Ռուսաստանի և Վրաստանի սահմանին պարբերաբար մեծ երկարությամբ հերթեր են առաջանում, ինչը լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում ՀՀ համար։

Նախագծով նախատեսվում է ամսական իրականացնել 8 չվերթ՝ 50 մեքենայով, իսկ 1 մեքենայով տեղափոխվող արժեքը միջինացված գնահատվել է 25,000 դոլար, հետևաբար՝ լաստանավով բեռնափոխադրման ծավալը 1 ամսում կկազմի 10 մլն դոլար։ 20% շահութաբերության պարագայում այդ ընկերությունների շահույթը կկազմի 2 մլն դոլար, որից միայն շահութահարկ կգեներացվի 360,000 դոլար։ Նմանատիպ հաշվարկը վերաբերում է նաև ներմուծող բեռների մասով և դրան կավելանա նաև ներմուծման համար շուրջ 2 մլն․ դոլար ավելացված արժեքի հարկ։

Հետևաբար, ըստ գնահատականների, 2,7 մլն դոլար հարկային մուտքեր կավելանան, իսկ ընդհանուր ծախսը կկազմի 8 չվերթի համար 800,000 դոլար։ Նախատեսվում է փոխհատուցել լաստանավով տեղափոխման ծախսերը ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։

Նշվում է, որ այլընտրանքային ճանապարհը թույլ կտա ներկրումն ու արտահանումը կազմակերպել առավել նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում:

Փոթի - Կովկաս նավահանգիստ - Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով Ընկերությանը տրամադրվող գումարի չափը կազմում է յուրաքանչյուր Շահառուի լաստանավով բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի 100 % -ը, բայց ոչ ավելի, քան մեկ շահառուի հաշվով մեկ չվերթի համար 1 մլն դրամը, իսկ մեկ ուղղության համար 0.5 մլն դրամը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---