ՔԿ․ Ամուլսարի քրգործով վարույթը կարճվել է

ՔԿ․ Ամուլսարի քրգործով վարույթը կարճվել է

PanARMENIAN.Net - Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է։ Քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:

Հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից հնարավոր հանցագործություն կատարված լինելու վարկածները ստուգելու համար բազմաթիվ հարցաքննություններ են արվել, առգրավվել, ստացվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր, նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների փորձագետներին:

2019-ի հուլիսի 22-ին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի (ներկայիս՝ «Լիդիան Արմենիա») կողմից ՀՀ լիազոր մարմնին ներկայացված, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նպատակով ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր: Հիշյալ հետևությունների վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է իր գրավոր առարկությունները:

Ուսումնասիրվել են նորմատիվ իրավական բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը (ընդունված՝ 21.06.2014թ.) և վերջինիս դրույթներով իրավական կարգավորումները:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բնապահպանական նույն երևույթների և տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ:

Նշվում է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որ Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, փորձաքննության ենթարկելիս, շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ, ուստի 21.12.2021թ.-ին որոշում է կայացվել ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին:

Արդեն տևական ժամանակ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---