Վարդան Ղուկասյանի որդու քրգործը մեղադրականով ուղարկվել է դատարան

Վարդան Ղուկասյանի որդու քրգործը մեղադրականով ուղարկվել է դատարան

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչությունում քննված՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է: Մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Ս. Ղուկասյանը երեք-չորս տղամարդկանց հետ միասին մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Դիմումում մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով իրավապահներն այցելել էին Ս. Ղուկասյանի բնակության հասցե, սակայն վերջինս նախ հրաժարվել էր տան դուռը բացել, իսկ ժամեր անց զանգահարել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս. Ղուկասյանը հայտնաբերվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:

Վարույթն իրականացնող մարմինը 2021թ. օգոստոսի 20-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ս. Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել էր: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021թ. սեպտեմբերի 15-ին բավարարել էր Ս.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը:

Հաշվի առնելով, որ Ս. Ղուկասյանը չէր ներկայացել, տեղյակ չէր պահել՝ չներկայանալու պատճառների մասին և գտնվելու վայրն անհայտ էր, նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2021թ. նոյեմբերի 27-ին հետախուզվող Ս. Ղուկասյանը հայտնաբերվել, ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---