ԱՀ նախագահ․ Ղազախստանում կանխվեց իրավիճակի ապակայունացումը տարածաշրջանում, ինչը կսպառնար նաև Արցախին ու ՀՀ-ին

ԱՀ նախագահ․ Ղազախստանում կանխվեց իրավիճակի ապակայունացումը տարածաշրջանում, ինչը կսպառնար նաև Արցախին ու ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ղազախստանում զարգացումներին, նշել է, որ դրանք մտահոգիչ և վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլև հարևան երկրների ու հարակից տարածաշրջանների համար:

Նա նշել է՝ ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում և դրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են ծայրահեղական խմբավորումներ ու կազմավորումներ:

«Վերոգրյալի համատեքստում ակներև է նաև, որ գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական ռադիկալ շրջանակները:

ՀԱՊԿ հավաքական ուժերի և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ առաքելության միանգամայն պատեհաժամ միջամտության շնորհիվ Ղազախստանի պատկան մարմինները հետամուտ են կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և դրա չեզոքացմանը:

Այդպիսով՝ հնարավոր դարձավ կանխել Կենտրոնական Ասիայում և հարակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացումը, ինչը հաստատապես լուրջ սպառնալիք կլիներ նաև Արցախի ու Հայաստանի անվտանգության համար»,-ասվում է գրառման մեջ:

Հարությունյանը նշել է, որ ոչ վաղ անցյալում` 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում անհատապես ականատես եղանք ծայրահեղականության և ահաբեկչության ամենադաժան դրսևորումների:

«․․․Նորագույն ժամանակաշրջանի անվտանգային, տնտեսական, էկոլոգիական և բազմաթիվ այլ մարտահրավերները վերահաստատում են, որ ինտեգրացիոն գործընթացների խթանումը, համագործակցության նոր մակարդակի հաստատումը և տարբեր միութենական կառույցների ձևավորումը դարձել են հրամայական և առավել կենսունակ միջոց՝ նվազագույնի հասցնելու տարատեսակ սպառնալիքները և պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու դրանց դեմ»,-ասվում է գրառման մեջ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---