Գալստյան․ ՌԴ-ի հեռացումը SWIFT համակարգից ծանր կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա

Գալստյան․ ՌԴ-ի հեռացումը  SWIFT համակարգից ծանր կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով ՌԴ դեմ հնարավոր պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ վրա, ասել է, որ SWIFT համակարգից Ռուսաստանին հեռացնելու դեպքում, դա ծանր կանդրադառնա Հայաստանի բանկային համակարգի և ընդհանուր տնտեսության վրա։

Այդ մասին հարցին նա կարճ է պատասխանել։ «Մեկ բառով փորձեմ պատասխանել՝ ծանր»,- ասել է Գալստյանը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Հայաստանի տնտեսությունը այս կամ այն չափի ազդեցություն կկրի՝ կախված պատժամիջոցների բնույթից։

«Եթե դա պայմանավորված լինի ու սահմանափակվի միայն անհատների նկատմամբ սանկցիաներով, մի պատմություն կլինի։ Եթե սանկցիաները ներառեն նաև ֆինանսական հատվածը, եթե այդպիսի խնդիրներ ի հայտ գան, բնականաբար, ՌԴ-ում տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, ազգային արժույթի արժեզրկում, որի հետևանքով մեր մրցունակությունը որոշակիորեն կկորցնենք ՌԴ տնտեսության հանդեպ։ Դա դեռ ամենաթեթև բաներն եմ ասում»,- նշել է նա։

ՀՀ ԿԲ նախագահի խոսքով՝ ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ մեծ են։

«Մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով․ արդյոք այդ ռուսական բանկերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ մտցնելը անդրադառնալո՞ւ է նաև Հայաստանին՝ հայելային սահմանափակումներ դնելով, թե՞ ոչ։ Սրանք սահմանափակումներ են, որոնք այս պահի դրությամբ որոշակի անորոշություններ են իրենց մեջ պարունակում, բայց, ամեն դեպքում, պետք է սպասել, հասկանալ»,- հավելել է նա։

Գալստյանն ասել էր նաև, որ ԿԲ-ն հաշվարկել է ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը՝ ընդհանուր գնաճի վրա։ Ջրի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության արդյունքում 2022-ին ակնկալվող գնաճը, ԿԲ գնահատականով, տարեկան կտրվածքով մոտ 0.6 տոկոս կկազմի, իսկ էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված երկրորդային ազդեցությունները հաշվարկած՝ տարեկան գնաճը կմեծանա 1-1.5 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---