Monumentwatch. Քարինտակի Սբ Աստվածածինը ենթարկվում է վանդալիզմի

Monumentwatch. Քարինտակի Սբ Աստվածածինը ենթարկվում է վանդալիզմի

PanARMENIAN.Net - Վանդալիզմի է ենթարկվում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի Սբ Աստվածածին եկեղեցին, տեղեկացնում է Monumentwatch.org կայքը, որն Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում է իրականացնում։

Նշվում է, որ դա հստակ երևում է 2021 թվականի մարտ ամսին Karabakh Honor անունով օգտատիրոջ յութուբյան ալիքում տեղադրված մի տեսանյութից։

Նշվում է, որ տեսանյութում հստակ երևում է, որ ջարդված ու կիսված է եկեղեցու խորանի Սուրբ սեղանը, եկեղեցու ներսը տակնուվրա է արված, ադրբեջանցի զինվորականները ներս ու դուրս են անում եկեղեցում, բարձրանում խորանի վրա, անարգում այն, մտնում ավանդատները, որոնք ևս տակնուվրա են արված։

«Ակնհայտ է նաև, որ, ոտնահարելով քրիստոնեական կառույցի ծիսական գործառույթը, ադրբեջանցի վանդալները մահմեդական աղոթք են հնչեցնում քրիստոնեկան եկեղեցում: Դատելով տեսանյութից, կարող ենք եզրակացնել, որ Արցախի Քարինտակ գյուղում տեղակայված է ադրբեջանական զինվորական մեծ ստորաբաժանում, որի զինվորները անարգում են հայկական մշակութային ժառանգությունը»,-ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցու խաչը։ Ադրբեջանական կողմը վերանորոգման քողի տակ բացի խաչից քանդել է նաև եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքը։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Կարիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---